Մամուլ

Ողբերգական դեպք Վանաձորում. հայտնի «Երեք լճեր» կոչվող լճերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Վանաձորում. հայտնի «Երեք լճեր» կոչվող լճերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում՝ «Երեք լճեր» կոչվող տարածքի լճերից մեկում դի է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները լճից դուրս են բերել տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը։

Կիսվել