Ողբերգական դեպք Երևանում. բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց տղամարդու կյանքը փրկել չհաջողվեց
Ողբերգական դեպք Երևանում. բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց տղամարդու կյանքը փրկել չհաջողվեց
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Օpel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ըստ նախնական տեղեկությունների, ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի վրա բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, մի քանի մետր առաջ ընթացել և կանգնել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օpel-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Հալալ էր շտապօգնության բժշիկներին ու պարեկներին: Պարեկները կարճ ժամանակում բացեցին ճանապարհը, իսկ բժիշկներն ամեն ինչ արեցին, տղամարդուն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, օգտագործելով բժշկական էլեկտրաշոկ, քանի որ տղամարդը շատ ծանր էր, ապա նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Մինչ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում պարեկներ Գոռ Հովհաննիսյանն ու Վարազդատ Աթանյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում պարեկային ծառայության Երևանի գունդ, որ Օpel-ի վարորդը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայրից Nissan X-Trail-ի վարորդը նույնպես բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail –ի վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: