Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 11-ամյա երեխան պայթել է ականի հետ անզգույժ վարվելու հետևանքով
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 11-ամյա երեխան պայթել է ականի հետ անզգույժ վարվելու հետևանքով
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխա է պայթել և անհրաժեշտ է շտապ շտապօգնություն ուղարկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Չանդոյանն ու ավագ քննիչ Մոսիկյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու». 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախանական տեղեկությունների՝ հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով ականը պայթել է, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մոսիկյանի գլխավորությամբ, տեղում հայտնաբերել են երեխայի մասնատված մարմինը, որից հետո այն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչ որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ: