Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է (ֆոտո)
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։
Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում օգնություն են ցուցաբերել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Մանուկյանի գլխավորությամբ։
Մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։