Մամուլ

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Կարմրաշեն գյուղի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարմրաշեն գյուղի սարերում հայտնաբերվել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Կարմրաշեն գյուղի «Կարաջալղ» կոչվող տարածքում մեղուները խայթել են Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Սեյրան Հ․-ին, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, ինչը նկատել է մեղվապահ, Վայոց ձորի մարզի բնակիչ 67-ամյա Ալեքսան Ս․-ն և մոտեցել է Սեյրան Հ․-ին, «Դեքսա» տեսակի դեղահաբ է տվել խմելու և իր ավտոմեքենայով փորձել է տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։