Մամուլ

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. Գետք գյուղում գտնվող լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովիվին. ի՞նչ է հայտնի

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը:

Մինչ քրեական ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնում են որ նույն գյուղի բնակիչը նշված լճում ջրահեղձ է եղել: 

Դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային քրեական վարչության փրկարարները, սակայն դին հայտնաբերելու և դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանում Սևանի ջրասուզակները: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մ.-ն է, ով գյուղի հովիվն է: 

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից հնարավոր է դեպքի վայր ժամանի քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել այդ հատվածում և ջրահեղձ եղել, պարզվում է: 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։