Մամուլ

Ողբերգական ավտովթար Քարակերտ գյուղում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Քարակերտ գյուղում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Քարակերտ գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Mercedes և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը «Արմավիր», 1-ը՝ «Թալին» բժշկական կենտրոններ:«Արմավիր» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Մյասնիկյանի թիվ 28 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Բղարամյանի բաժնի պետի տեղակալ Մնացական Մնացականյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Գրիգորյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Բաղրամյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և ավագ քննիչ Գաբրիել Գինոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ավտոմեքնենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության նախկին ծառայող, 56-ամյա Գառնիկ Սահակյանն է:

Կիսվել