Ողբերգական ավտովթար Ոսկեվազ գյուղում․ 32-ամյա ուղևորը, ում ծննդյան օրն էր, տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Ոսկեվազ գյուղում․ 32-ամյա ուղևորը, ում ծննդյան օրն էր, տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհին Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Աշոտ Մեժլումյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպաց երթևեկելի գոտի, բախվել ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված, չշահագործվող ու խոտանված Volkswagen մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Մեժլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Գյուլնազարյանը տեղում մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ ավագ տեսուչներ Նորիկ Թադևոսյանը, Արման Մակվեցյանը և ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հարություն Մանուկյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հուսիկ Հովհաննիսյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովիկ Խաչատրյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Նորայր Խաչատրյանի և Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ մահացած Մ․ Գյուլնազարյանի ծննդյան օրն էր։