Ողբերգական ավտովթար Նիգավանի խաչմերուկում․ բախվել են ՎԱԶ 2107-ն ու Renault բեռնատարը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ողբերգական ավտովթար Նիգավանի խաչմերուկում․ բախվել են ՎԱԶ 2107-ն ու Renault բեռնատարը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ժամը 08․15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ Նիգավան գյուղի խաչմերուկում, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Renault մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, տեղում ծառայություն կատարող պարեկները և Ապարանի շտապօգնության բժիշկները։
Վիրավորներից մեկին ՎԱԶ 2107-ի միջից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Գալստյանն ու Գևորգ Մելքոնյանը։
Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։Վթարի մասին Ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պատասխանատու-հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։