Ողբերգական ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. կա 3 վիրավոր, 1 զոհ
Ողբերգական ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. կա 3 վիրավոր, 1 զոհ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 3 հոգի, որոնցից երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը: Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:
Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշոցքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները ծառայում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և սպասում են, որպեսզի ժամանեն կայազորի քննչական վարչության քննիչները: