Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Porsche Cayenne-ը Չայնիի ոլորաններում վթարի է ենթարկվել հայտնվելով ձորում․ կան զոհեր և վիրավորներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Porsche Cayenne-ը Չայնիի ոլորաններում վթարի է ենթարկվել հայտնվելով ձորում․ կան զոհեր և վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Փրկարարները մեծ դժվարությամբ՝ ճոպանի միջոցով, պարեկների հետ միասին դին դուրս բերեցին և մոտեցրեցին դիատարին։ Մինչ փրկարարները դին էին դուրս բերում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Այս պահին վթարի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Կոտայքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։