Ողբերգական ավտովթար Կոշ գյուղի տարածքում․ բախվել են Ford-ը, թուրքական համարանիշներով Mercedes ավտոբուսը․ կա 1 զոհ, 4 վիրավոր
Ողբերգական ավտովթար Կոշ գյուղի տարածքում․ բախվել են Ford-ը, թուրքական համարանիշներով Mercedes ավտոբուսը․ կա 1 զոհ, 4 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford ավտոքարշակը, Ford մակնիշի ավտոմեքենան և թուրքական համարանիշներով Mercedes Travego մակնիշի ուղևորատար ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և պարեկները։Փրկարաներն ու պարեկները ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին։
Ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերել դեղատուփը և օգնություն ցուցաբերել վիրավորներին, ապա ժամանած բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Հ․ Հովհաննիսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes Travego ավտոբուսը, որի մեջ եղել են մեծ թվով քաղաքացիներ, բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակում։
Ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ ավտոբուսը կողաշրջվեր։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարացվել է, և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Քաջիկ Սմբատյանն ու Վարդան Դավթյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։