Մամուլ

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարության փրկարար ծառայության Հրազդանի և Չարենացավանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: 

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ մինչ նրանց ժամանումը՝ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել ու ստեղծել էին արհեստական խցանում և միայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մեկը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել բաժանարար գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող ճանապարհահատվածում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: