Մամուլ

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 1 զոհ,1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 1 զոհ,1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով հայտնվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի տակ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Վեդիի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

yerevan yerasx avtovtar

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, դարձի բերել ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

yerevan yerasx vtar

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Միրզոյանի գլխավորութամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կիսվել