Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 5 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վիրավորները տեղափոխվել են Վարդենիսի հիվանդանոց։
Վթարի մասին Գեղարքունիքի մարզի ՊԾ գումարտակից տեղեկությունը փոխանցել են Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Վարդենիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

