Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ «Արև» հանդիսությունների սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա՝ հողաթմբերին, մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարարները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

