Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներից առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները: