Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Nissan-ն ու 06-ը․ 11-ամյա տղան տեղում մահացել է․ կան վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Nissan-ն ու 06-ը․ 11-ամյա տղան տեղում մահացել է․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 84 կմ հատվածում Մելիք գյուղի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բակիչ 52-ամյա Ավետիք Խաչատրյանի վարած VAZ 2106 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 11-ամյա Ղազարիկ Խ․-ն տեղում մահացել է։
Իսկ Ա․ Խաչատրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Nissan-ի վարորդ Դ․ Ավետիքյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Վանուշ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվ են գործել «Ապարան» և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնների բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի տեսուչներ Գագիկ Կարապետյանն ու Էդգար Վերդոյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Դ․ Յազիչյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի և ավագ քննիչ Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Դ․ Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։