Պարզվել են ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ամուսնու և վիրավոր կնոջ ինքնությունները. նրանք իրենց խնամքի տակ ունեն 4 անչափահաս երեխա
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պազվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ «ՈւԱԶ»-ը (Վիլիս) վարել է Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա.-ն, ով տեղում մահացել էր, իսկ վիրավորը ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարինե Ա.-ն է: 
Վերջինները Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուրի հարևանությամբ գտնվող «Դուռնալու» կոչվող հանդամասից դուրս էին եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր անտառային հատվածով անցնելով բախվել էին ծառին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ էին, խնամքին ունեին 4 անչափահաս երեխա: 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «ՈւԱԶ» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել էր հաստաբուն ծառին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Բերդ» հիվանդանոց: 
Վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանը՝ պարեկային ավտոմեքենայով: 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավորը կինն է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:



