Ողբերգական ավտովթար՝ Երևանում. 31-ամյա վարորդը Toyota-ով բախվել է էլեկտրասյանը, նրա դին դուրս են բերել փրկարարները
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. 31-ամյա վարորդը Toyota-ով բախվել է էլեկտրասյանը, նրա դին դուրս են բերել փրկարարները
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արտյոմ Ե-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վարորդի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա դին պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են նաև հարակից ավտոպահեստամասերի խանութի ապակիները, պատերը, իսկ գազաբալոնն էլ մոտ 30 մետր շպրտվել է։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։