Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. վարորդը, ում ծննդյան օրն էր, հիվանդանոցում մահացել է

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. վարորդը, ում ծննդյան օրն էր, հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի ազրում:

Ժամը 00:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Մովսես Դ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Արամայիս Հ.-ին պատկանող կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել բետոնե սյան վրա տեղադրված երկաթե արկղին, առաջ ընթացել, բախվել Արամայիս Հ.-ի տան՝ մի քանի մետր երկարությամբ պատին, փլուզել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մովսես Դ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տուժած տան ընտանիքի անդամներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավաքված բնակիչները պահանջում էին պատկան մարմիններից, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ դա կդառնա զսպաշապիկ՝ որոշ վայ-վարորդների համար ու վթարների թիվը կպակասի:

Նրանք ասում էին. «Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ճիշտ էր, երբ օրեր առաջ ասում էր, որ վթարների հիմնական պառճառը լավ ու երթևեկության համար հարմար ասֆալտապատված ճանապարհներն են:

Երբ այս հատվածում ճանապարհներին փոսեր կային, հատուկենտ էին վթարիներ լինում: Երբ կապիտալ ասֆալտապատվեց, գրեթե օրը մեջ ավտովթարներ են տեղի ունենում ու դա առաջին հերթին որոշ վարորդների պատճառով, ովքեր դժոխային արագությամբ են վարում մեքենաները՝ չմտածելով իրենց մասին, նույնիսկ երանի ենք տալիս քանդած ճանապարհին, քանի որ գոնե վթարներ չէին լինում, իսկ հիմա վթար՝ վթարի հետևից:

Պահանջում ու խնդրում ենք, որպեսզի պարտադիր այս հատվածում արագաչափ դնեն, հակառակ դեպքում եթե մեր խնդրանքը մերժվեց, դիմելու ենք ծայրահեղ միջոցի, իսկ հարցի ամենալավ լուծումն այն է, որ մի քանի գյուղերով կփակենք ճանապարհը:

Այս պահին ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններից, բայց հույս ունենք, որ գոնե այս մահաբեր ճանապարհի հարցը արագաչափ տեղադրելուց հետո կլուծվի»:

Քննիչի հանձնարարականով «Opel»-ը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողբերգական ավտովթարից րոպեներ առաջ մահացածի ծննդյան օրն էր:

Կիսվել