Մամուլ

Ո՞վ է տիրացել «Ստալիչնի պոլկին»․ կրկեսի դիմաց նոր էլիտար թաղամա՞ս․ «Հրապարակ»

Ո՞վ է տիրացել «Ստալիչնի պոլկին»․ կրկեսի դիմաց նոր էլիտար թաղամա՞ս

«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկություն էինք ստացել, որ նախկին մայրաքաղաքային գնդի տարածքում շինարարություն է նախապատրաստվում, եւ պատրաստվում են բարձրահարկ էլիտար շենքեր կառուցել։

Մեզ ասել էին, որ շինարարություն իրականացնողը Ջերմուկի Աշոտ Արսենյանն է, ով այդ տարածքից փոքր-ինչ ներքեւնախկին «տրամվայի պարկի» տեղում, արդեն մեծ թաղամաս է կանգնեցրել։

Նախ Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե մայրաքաղաքային գնդի՝ «Ստալիչնի պոլկի» տարածքում որեւէ մեկին քաղաքապետարանից շինթույլտվություն տրվե՞լ է որեւէ տեսակի շինարարության համար։

Քաղաքապետարանից վստահեցրին, որ նման շինթույլտվություն չի տրամադրվել։ Այնուամենայնիվ, որոշեցինք պարզել, թե ում է այժմ պատկանում մայրաքաղաքային գնդի տարածքը։

Հիշեցնենք, որ այս տարածքը պատկանում էր պաշտպանության նախարարությանը, որտեղ նախկինում խաղաղապահների գունդն էր տեղակայված, 2018-ից հետո խաղաղապահներն այս տարածքից տեղափոխվեցին Բալահովիտ` հավանաբար, որպեսզի չկրկնվի 18-ի ապրիլի սցենարը, երբ մի խումբ զինծառայողներ ցուցադրաբար դուրս եկան գնդից ու միացան ցուցարարներին, ըստ որոշ աղբյուրների՝ վճռորոշ դեր խաղալով, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում գրի:

Բայց խաղաղապահների տեղափոխվելուց հետո էլ տարածքը պատկանում էր ՊՆ-ին, որն իրեն պատկանող 70 այլ գույքի հետ պատրաստվում էր այն վաճառել։

Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանը, թե ներկայում ում են պատկանում գնդի տարածքն ու շինությունները, պատասխանեցին, որ տարածքը, կառավարության որոշմամբ, ՊՆ-ից վերցվել ու տրվել է Պետգույքի կառավարման կոմիտեին, որն էլ զբաղվում է պետական գույքի օտարմամբ, աճուրդների կազմակերպմամբ։ Պետգույքի կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը։

Հետաքրքրվեցինք, թե «Ստալիչնի պոլկը» երբեւէ եղե՞լ է վաճառքի ենթակա գույքի ցուցակում կամ ներկայում այդ ցուցակո՞ւմ է։

«Ձեր նշած «Ստալիչնի պոլկը» Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել կառավարության 2022 թ. ապրիլի 15-ի 496-Ա որոշմամբ՝ ի թիվս մի քանի տասնյակ այլ գույքերի։

Իսկ ինչ վերաբերում է այս պահին վաճառելուն, այդ գույքերը հանձնվել են պետգույքին՝ արդյունավետ կառավարման նպատակով։ Հենց այս պահին, երբ խոսում եմ Ձեզ հետ, գույքը դրված չէ օտարման, չի վաճառվում, բայց միգուցե հետագայում պետգույքը մտածի նաեւ այն օտարելու մասին»,- պատասխանեց կոմիտեի լրատվական վարչության պետ Գեղամ Ասատրյանը։

Այս տեքստից անգամ հասկանալի է դառնում, որ գործընթացն սկսված է: Չի բացառվում, որ Աշոտ Արսենյանն արդեն իր մտադրությունները բարձրաձայնել է, եւ մնում է ընդամենը տեխնիկական մասը` ձեւական աճուրդի կազմակերպումը:

Նշենք, որ զինվորական ծառայության համար ի սկզբանե նախատեսված այս շենքերը կառուցվել են 19-րդ դարում եւ հետագայում՝ տարբեր համակարգերի ժամանակ, ծառայել են նույն նպատակին:

Այստեղ են տեղակայված եղել Առաջին հանրապետության ռազմաուսումնական հաստատությունը, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (Թամանյանական դիվիզիա), Երեւանի գունդը, ԱԱԾ սահմանապահ զորքերը եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը:

Այսինքն՝ տարածքը նաեւ պատմամշակութային արժեք ունի: Եվ վերջապես` ի՞նչ իմաստ ունի Երեւանի կենտրոնի ամեն սանտիմետրը կառուցապատելն ու բետոնի տակ Երեւանը թաղելը․ այս տարածքում կարող էր շատ լավ պուրակ լինել, մանկական զբոսայգի կամ պարզապես հանրային բաց տարածք, որտեղ մարդիկ կարող էին դուրս գալ զբոսնելու:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել