Մամուլ

Ո՞վ է Սևանի փողոցում կրակոցների հեղինակը․ նա փորձել է սպանել իր զարմիկին

Ո՞վ է Սևանի փողոցում կրակոցների հեղինակը․ նա փորձել է սպանել իր զարմիկին

Hraparak.am-ը գրում է․ Երեկ, փետրվարի 10-ի երեկոյան, որ դեռ արարատցի Գեղամը Hummer H3-ով թմրանյութի ազդեցության տակ չէր մագլցել կառավարության դիմացի մայթերն ու ջարդուփշուր արել պարեկների Skoda-ները, Սևանի փողոցում ևս մեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ու դարձյալ` թմրանյութի ազդեցության հետևանքով:

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե փետրվարի 10-ին, ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Սևանի փողոցում գտնվող «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց մի տղամարդ Range Rover մակնիշի մեքենայից կրակոցներ է արձակել տվյալ առևտրի կենտրոնի տնօրենի վրա և դիմել փախուստի:

Մեզ այս դեպքից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել: Մենք տեղեկացանք, որ մամուլում նշված 32-ամյա Հովհաննես Գ.-ն, որը կրակոցներ արձակողն է, Երևանի բնակիչ Հովհաննես Գևորգյանն է, որը թմրանյութի ազդեցության տակ է եղել, և, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, իր վարած Range Rover Sport մակնիշի մեքենայից կրակոցներ է արձակել «Պլատինիում»-ի տիրոջ 38-ամյա Ռոբերտ Մելիքյանին պատկանող Toyota Camry ավտոմեքենայի վրա:

Ութ պարկուճ է հայտնաբերվել տարածքում: Կրակոցների պահին Ռոբերտ Մելիքյանը մեքենայում է եղել, և փամփուշտներից մեկը դիպել է նրա ոտքին վնասելով ծունկը: Դրանից հետո Մելիքյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մելիքյանի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Ուշագրավն այն է, որ կրակոցներ արձակած Հովհաննես Գևորգյանն ու կրակոցներից տուժած Ռոբերտ Մելիքյանը զարմիկներ են. Գևորգյանը Մելիքյանի քեռու տղան է:

Այսինքն Հովհաննես Գևորգյանն իր հարազատ հորաքրոջ որդու վրա է կրակել նպատակ ունենալով սպանել իր հարազատին: Կրակոցներից հետո նա իր Range Rover-ով դիմել է փախուստի: Ոստիկանները մինչ այս պահը դեռ չեն հայտնաբերել Գևորգյանին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել