Մամուլ

«Ո՞վ ա վազելու, անունս տալու․ թող սա երազ լինի»․ քույրերին ու 4 տարեկան փոքրիկին Եղվարդում հրաժեշտ տվեցին

«Ո՞վ ա վազելու, անունս տալու․ թող սա երազ լինի»․ քույրերին ու 4 տարեկան փոքրիկին Եղվարդում հրաժեշտ տվեցին

Sputnik Արմենիան գրում է․ Մարիամին, Սիրարփիին ու 4 տարեկան Մարատին երկու օր փնտրում էին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրում, բայց, ցավոք, ողջ չգտան։

Սևազգեստ կանայք և տղամարդիկ արցունքներից կարմրած աչքերով լուռ ու կարծես մեքենայաբար քայլում են Եղվարդի փողոցներով դեպի այն շենքը, որի մոտ այսօր մարդկանց հոսքը չի դադարում ու բազմաթիվ ծաղկեպսակներ են դրված` ընկերներից, հարազատներից և բոլորովին անծանոթ մարդկանցից։

Չնայած մարդկանց քանակին` քար լռություն է տիրում, իսկ շենքից կնոջ հառաչանք է լսվում, որն աստիճանաբար սրտամորմոք աղաղակի է վերածվում։ Սրահի մեջտեղում փոքր սպիտակ դագաղ է դրված, լուսանկարից ժպտում է ոսկեգանգուր Մարատը։

Նրա երկու կողմում արծաթափայլ դագաղներ են. մեկում նրա հղի մայրն է` Սիրարփին, մյուսում` մորաքույրը` Մարիամը։ Բոլորը առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից են մահացել։

surmalu zoher mariam sirarpi

– Ո՞նց ենք տուն գնալու։ Ո՞վ ա վազելու, անունս տալու։ Ա՛յ թոռ, զարթնի՛։ Խռուստալից տղա, արևս։ Առանց քեզ չենք ուզում ապրել, – գրեթե գոռալով ասում է միջին տարիքի մի կին (հավանաբար Սիրարփիի սկեսուրն է)։

– Սիրարփի՛, էս չպիտի լիներ հավաքվելու առիթը։ Լսո՞ւմ ես։ Մենք ուրախության էինք սպասում, էրեխու ծնվելուն, ոչ թե էս դարդին, էս ցավին, – ասում է տատը, հերթով փաթաթվում դագաղներին (դրանք փակ են, քանի որ մարմինները հրդեհից խեղվել են)։

Նա պատմում է, որ ողբերգության օրը քույրերը Մարատի հետ գնացել են Երևան` երեխայի համար գնումներ կատարելու։ Փոքրիկը շուտով պիտի լույս աշխարհ գար։ Աղջիկները շատ համերաշխ էին և գրեթե բոլոր հարցերը միասին էին լուծում։

Մարիամը` որպես մեծ (նա 30 տարեկան էր), միշտ օգնում էր Սիրարփիին, որը երկու տարով փոքր էր քրոջից։ Սիրարփին էլ, ինչպես կարողանում էր, հոգ էր տանում քրոջ մասին։ Մարիամն ամուսնացած չէր ու հաճախ էր Մարատին զբոսանքի տանում իր հետ, որպեսզի քույրը կարողանար հանգստանալ։

mariam

– Բալեք ջան։ Քաղցրեր ջան։ Ինչո՞ւ դուք, ինչո՞ւ մենք։ Աստված իմ, ինչի՞ համար։ Թող սա երազ լինի։ Զարթնեք, խնդրում եմ, – հազիվ լսելի ձայնով, ուժասպառ եղած արտաբերում է աղջիկների մայրը։

Պատի տակ կանգնած տղամարդը նայում է նրան, փորձում է խեղդել կոկորդում հավաքված արցունքները, բայց այլևս չի կարողանում։ Մարիամի և Սիրարփիի հայրն է։ Փորձում է ուժեղ լինել, կծոտում է շուրթերը, բայց ամեն անգամ դագաղներին նայելիս արցունքները հորդում են աչքերից։

Ժամանակ առ ժամանակ տղամարդու հայացքը կանգ է առնում ժպտացող թոռան լուսանկարին, հետո նա նստում է ու անճարությունից սեղմում բռունցքները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել