«Ո՞նց է Հայկ Մարությանը երկու անգամ մեծ լիֆտը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ». Պետրոս Ղազարյան
Այս հեղափոխությունը տեղի ունեցավ, որպեսզի որեւէ ուժ չունենա քաղաքական մենաշնորհ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ կողմից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ հիմա, ճիշտ է, հեղափոխական էյֆորիան առկայծում է, բայց դա անցնելու է, եւ երեւանցին մնալու է իր խնդիրներին:
Անդրադառնալով այլ թեկնածուների առաջարկած ծրագրերին, Զոհրաբյանը նշեց, որ բլեֆ է, թե հնարավոր է վերականգնել մետրոպոլիտենի համակարգը. «Մենք լուրջ քննարկում ենք ունեցել մասնագետների հետ, այս պահին միայն հնարավորություն կա վերականգնել Աջափնյակի մետրոպոլիտենի կանգառը։ Գրել, որ Երեւանը մետրոպոլիտենի կանգառներով են լցնելու, նույնն է, որ մենք գրեինք՝ անցկացնելու ենք Երեւան-Մարս արագընթաց գնացք»։
Նույն խնդրին անդրադարձավ նաեւ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Պետրոս Ղազարյանը՝ նշելով, որ այնպիսի ծրագրեր են ներկայացնում, որ անգամ ԱՄՆ բյուջեն դրանք չի կարող իրականացնել։
Նա անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավին ներկայացրած լուսանկարին, որտեղ ներկայացվել է, թե որ վերելակը որով են փոխելու. «Քանի որ Հայկ Մարությանը բանավեճի չի գալիս, խնդրում եմ իրեն հարցնել՝ ո՞նց է երկու անգամ մեծ լիֆտը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. եթե նա կարողանա բացատրել՝ ես դուրս կգամ ընտրարշավից»։
Աղբյուր՝ news.am