ԱշխարհՏեսանյութ

Շքեղ զբոսանավը` Թուրքիայում ծով դուրս գալուց ընդամենը 15 րոպե անց խորտակվել է

Մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավը խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ՝ ծով դուրս գալուց ընդամենը 15 րոպե անց։ Ուղևորներին և անձնակազմի անդամներին հաջողվել է ցատկել ջրի մեջ, հաղորդում է New York Post-ը։

Նավը ջրի տակ է հայտնվել Թուրքիայի հյուսիսային Էրեգլի շրջանի Զոնգուլդակի ափերի մոտ։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ զբոսանավը թեքվում է մի կողմ և դանդաղորեն խորտակվում։

Նավի վրա են եղել սեփականատերը, կապիտանը և անձնակազմի երկու անդամներ։ Նրանք լողալով հասել են ափ՝ առանց վնասվածքների։ Ափային պահպանությունը և նավահանգստային ծառայությունները շրջափակել են խորտակվող զբոսանավի շուրջը գտնվող տարածքը։

Նավի խորտակման պատճառը դեռևս անհայտ է։ Մասնագետները կանցկացնեն տեխնիկական զննում։ Գրեթե 26 մետր երկարությամբ զբոսանավը արժեցել է 940,000 դոլար։ Այն իր տիրոջը Ստամբուլից հասցվել է նախորդ օրը։