Մամուլ

«Շրջափակման մեջ ենք, ոչ ոք օգնության չի գալիս, աղոթի՝ ողջ մնանք»․ Խորեն Հաջաթյանն ազգի հերոս դառնալու մասին է երազել

«Լավություն ես անում, մի՛ սպասիր, որ հետ տան, դա ճիշտ չէ։ Լավություն արա լիարժեք, որ դու հանգստություն զգաս»,-այսպես էր մտածում 44-օրյա պատերազմում անմահացած Խորեն Հաջաթյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում այդ մասին պատմել է նրա մայրը՝ Ասյա Սահակյանը։

2001 թվականի մարտի 12-ին Ներքին Արթիկ գյուղում է ծնվել Խորենը։ Ընտանիքի առաջին զավակն էր։

«Ես ճախրում էի երջանկության մեջ։ Խորենը փոքր տարիքից հարգում էր մեծերին։ Հայրենիքի հանդեպ սերը կար իր մեջ։ Անընդհատ ասում էր՝ պետք է դառնամ ազգի հերոս։ Միշտ երազել է, որ պետք է դառնա զինվորական։ Հենց սկսեց խոսել, արտասանում էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։

Երբ տեղափոխվեցինք Երևան, իր գլխում մի միտք էր միայն, որ պետք է սովորի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Ես կտրուկ դեմ էի, մեջս վախ կար։ Ինձ դեմ չգնաց, ընդունվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, նկարիչ-քանդակագործ էր»,-պատմել է մայրը։

Երբ զորակոչվել է բանակ, իր մասնագիտությունն իրեն շատ է օգնել, սկսել է քարտեզները թարմացնել։

«Իր ծննդյան օրը գնացել էինք զորամաս, արդեն վերադառնում էինք, Շուշիի բարձունքում ամուսնուս խնդրեցի, որ կանգնի ու ակամայից սկսեցի լացել, ինձ թվաց՝ Խորենին թողնում եմ այդտեղ։ Ամուսնուս ասացի՝ ինձ թվում է, ես երեխայիս թողնում եմ այստեղ ու գնում եմ, ես այդպես զգացի։ Ինչ իմանայի, որ այդպես պետք է լինի, դա էր մեր վերջին հանդիպումը»,-ասել է մայրը։

Կիսվել