Մամուլ

«Շրջափակման մեջ եմ, գերի չեմ ընկնելու, ձեռքիս նռնակ կա». զոհվել է Արմեն Իշխանյանը

«Շրջափակման մեջ եմ, գերի չեմ ընկնելու, ձեռքիս նռնակ կա». զոհվել է Արմեն Իշխանյանը

News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Իշխանյանը։

35-ամյա ավագ սերժանտ Իշխանյանը մոտ 15 տարի ծառայում էր Զինված ուժերում։ Երկար տարիներ ծառայել է Քարվաճառում, իսկ 44–օրյա պատերազմից հետո՝  Քարվաճառի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո տեղափոխվել էր Ջերմուկ։

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Իշխանյանը։

35-ամյա ավագ սերժանտ Իշխանյանը մոտ 15 տարի ծառայում էր Զինված ուժերում։ Երկար տարիներ ծառայել է Քարվաճառում, իսկ 44–օրյա պատերազմից հետո՝  Քարվաճառի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո տեղափոխվել էր Ջերմուկ։

«Ինքը շատ դժվարությամբ տարավ Քարվաճառի հանձնումը։ Ասում էր՝ մենք մեր դիրքերից մեկ սանտիմետր չէինք զիջել թշնամուն։ Մեր ձեռքերով էինք պատրաստել դիրքերը»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Իշխանյանի հարազատը՝ Սիրուշ Ղազարյանը։

Արմեն Իշխանյանը մասնակցել էր քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին։

ishxanyan armen

Վերջին անգամ նա ընտանիքի հետ կապ էր հաստատել մարտական գործողությունների սկսվելուց ժամեր անց եւ նույն օրն էլ զոհվել։  

«Թեժ մարտերի են մասնակցել, շատերը զոհվել են, մնացել են երկու հոգով, երկուսն էլ վիրավոր։ Արմենն այդ վիճակում կարողացել է մյուս վիրավոր ընկերոջը մի քանի կիլոմետր հեռու տանել։

Հասցրել է նաեւ կնոջը հետ խոսել ու ասել՝ «շրջափակման մեջ եմ, չեմ կարող դուրս գալ, եթե թշնամին մոտենա, ես գերի չեմ ընկնելու, իմ ձեռքին նռնակ կա»։

Արմենին օրեր անց գտել են մահացած վիճակում, նրա ձեռքի նռնակը պայթած է եղել։ Ես չեմ կարող կոնկրետ ասել՝ դեպքն ինչպես է տեղի ունեցել, իրեն թշնամին մոտեցե՞լ է, թե՝ ոչ»,- պատմեց Սիրուշ Ղազարյանը։

Արմեն Իշխանյանն ունի երկու անչափահաս դուստր։ Նա հուղարկավորվել է սեպտեմբերի 24-ին, զինվորական կարգով, Վանաձորի զինվորական պանթեոնում։

armen ishkhanyan

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։

Կիսվել