Մամուլ

Շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Audi» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են պարեկները:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կիսվել էջում