Շվեյցարական բանկում Գարեգին Բ-ի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ
«Հայկական ժամանակը» գրում է․ Սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվում է «Ազատություն» ռադիոկայանի՝ 2015 թվականի մի հրապարակում, ըստ որի՝ Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գաղտնազերծել է HSBC-ի շվեյցարական մասնաճյուղի ավելի քան 60 հազար փաստաթղթեր, որոնք ներկայացնում են բանկի ավելի քան 100 հազար հաճախորդների անձնական հաշիվների տվյալները:
Ըստ հրապարակման՝ շվեյցարական բանկը նաև հայ հաճախորդներ ունի, որոնցից մեկը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն է: Վերջինիս անունով և լուսանկարով հաշիվը բացվել է 2000 թվականին: 2006-2007 թվականներին նրա հաշվի վրա 1 միլիոն 100 հազար դոլար է եղել:
Հարցի առնչությամբ կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը, պարզաբանումներ տալով «Արմենպրես»-ին, ասել է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն հայոց հայրապետների անունով, և որևէ տարօրինակ ու զարհուրելի երևույթ չկա դրանում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում:
Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության կայքում տեղադրված պարզաբանման մեջ էլ նշվել է, որ հաշվեհամարը բացված է եկեղեցու կարիքների և բարեգործությունների նպատակով։
Հարկային պարտավորությունների պարզաբանումը ամենահիմնական պահերից մեկն է, որովհետև Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գրել է, որ գաղտնազերծված հազարավոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ հարյուր հազարավոր դոլարներ հարկային մարմիններից գաղտնի են պահվում: Հետաքննությունը, ըստ էության, արվել է հարկերից խուսափելու և անօրինական բիզնեսները բացահայտելու նպատակով:
Տարիների վաղեմության այս հրապարկման հետ կապված, ինչպես նաև այն հրապարակումների, որ հաշվեհամարին առկա գումարը հասել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի, սակայն գումարը չի ծախսվում կրոնական կառույցների վերանորոգումների և այլ կարիքների համար, «Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու՝ գործո՞ւմ է դեռևս այս հաշվեհամարը, թե՞ ոչ, եթե գործում է, որքան գումար կա դրանում այս պահին, ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը, սակայն, մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։