Աշխարհ

Շունը հրդեհի ժամանակ արթնացրել է քնած տերերին փրկելով նրանց կյանքը

Շունը հրդեհի ժամանակ արթնացրել է քնած տերերին փրկելով նրանց կյանքը։ ԱՄՆ-ում շունը հրդեհից փրկել է քնած տերերին՝ ժամանակին արթնացնելով նրանց, գրում է lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Կանզաս նահանգի Հաջինսոն քաղաքում: Այդ օրը Բասթեր անունով շան տիրուհին՝ Սառա Փոթերը, արթնացել է կենդանու անսովոր բարձր հաչոցից, շունը անհանգիստ վազվզում էր տիրուհու շուրջն ու շատ հուզված երևում:

Սկզբում կինը կարծել է, որ նրա մոտ եկել է իր ընկերն ու դուրս է եկել սենյակից: Սակայն վայրկյաններ անց Սառան հայտնաբերել է, որ տունն այրվում է, ավելին՝ կրակը մոտենում է իր դստեր սենյակին: Կինն առանց հապաղելու երեխային իր գիրկն է վերցրել ու շան հետ դուրս վազել տնից:

«Կրակն ամենուր էր. գետնից մինչև առաստաղ: Այն շատ արագ էր տարածվում»,- վերհիշել է Սառան:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է հանգցնել հրդեհը, սակայն տունը գրեթե ամբողջությամբ այրվել է:

«Ես շատ տխուր եմ, որովհետև կորցրել եմ իմ բոլոր իրերը: Իմ աղջիկն անգամ մեկ զույգ կոշիկ չունի: Բոլոր սուրբծննդյան նվերները նույնպես այրվել են. ես այդքան աշխատել էի դրանց համար»,- տխրությամբ փաստել է Սառան:

Փրկարարները պարզել են, որ կրակը տարածվել է խոհանոցից:

Կիսվել