Շունը գտել է ողջ-ողջ թաղված նորածնին ու փրկել նրա կյանքը
Հյուսիս-արեւելյան Թաիլանդում շունը հայտնաբերել է դաշտում ողջ-ողջ թաղված նորածնին ու փրկել նրա կյանքը։
41-ամյա Ուզա Նիզայկանն զբոսնում էր շան հետ գյուղի դաշտերից մեկում: Զբոսանքի ժամանակ Պինգ Պոնգ անունով շունն անսպասելիորեն սկսել է հաչել ու փորել հողը:
Տերը մոտեցել է շանն ու փորձել հասկանալ, թե ինչն է կենդանուն հետաքրքրել, եւ հայտնաբերել է հողի տակից երեւացող երեխայի ոտքը: Նա արագորեն փորել է հողն ու տեղափոխել երեխային հիվանդանոց:
Պարբերականի տվյալներով՝ ներկայումս երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում:
Ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը. նա գյուղի 15-ամյա բնակչուհին է: Նա խոստովանել է, որ թաքցրել էր հղիությունը, բոլորից թաքուն ծննդաբերել եւ որոշել էր թաղել նորածնին, քանի որ վախեցել էր իր ծնողների բացասական արձագանքից: Նշվում է, որ նրանք պատրաստվում են վերցնել իրենց թոռանը հիվանդանոցից եւ խնամել երեխային:
Նիզայկան նաեւ պատմել է, որ տեղի բնակիչները ցնցված են իր շան պահվածքով ու հերոսացնում են նրան: Նա նշել է, որ Պինգ Պոնգը հավատարիմ շուն է: