Շնորհակալ եմ Նարեկ Կարապետյանին՝ բժշկական ապահովագրության ներդրման, աջակցության համար․ Շուշանյան
ՀԷՑ-ի ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«ՀԷՑ – ում վերջին ամիսների աշխատանքի ընթացքում նախաձեռնել եմ մի շարք ծրագրեր, սակայն կա մեկը, որի ազդեցությունն անձամբ ինձ ամենաշատն է ոգեշնչում՝ իր մարդակենտրոն բնույթով, կորպորատիվ և սոցիալական կառավարման սկզբունքներին համահունչ լինելով։
Սկսած հունիսի 10-ից՝ բոլոր աշխատակիցները, շուրջ 6800 հոգի, ապահովված են բժշկական ապահովագրությամբ, որը տրամադրվել է հրապարակային մրցակցային ընթացակարգով և մեր գործընկերն է՝ «Ինգո -Արմենիա» ապահովագրական ընկերությունը։
Կայքերում զետեղված բաց տեղեկատվությունը ցույց է տալիս, որ նմանատիպ փաթեթը, եթե փորձենք շուկայում առանձին ձեռք բերել, կարժենա մինչև 300,000 դրամ մեկ անձի համար։
Արդեն իսկ, ավելի քան մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 290 փոխհատուցված դեպք, և մեր աշխատակիցները սկսել են օգտվել ծրագրի ներառած ծառայություններից՝
· կանխարգելիչ տարեկան զննումներ
· մասնագիտացված խորհրդատվություններ
· գործիքային և լաբորատոր հետազոտություններ
· անհետաձգելի և պլանային վիրահատություններ
· դեղորայքի փոխհատուցում և այլն։
Շնորհակալ եմ «Ինգո-Արմենիա» թիմին՝ մինչ այս պահը գործընկերային վերաբերմունքի և մարզերում իրազեկման հանդիպումներին ակտիվ մասնակցության համար։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Տնօրենների խորհրդի նախագահ պարոն Կարապետյանին՝ այս գաղափարին լիովին աջակցելու և այն կյանքի կոչելու հնարավորություն տալու համար։
Մաղթում եմ առողջություն բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին։»։