Շղթայական ավտովթար Երևանում, «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում բախվել է կայանված ավտոմեքենաներին
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Hyundai Sonata», «Honda», «Nissan Tiida», «Nissan Tiida», «Nissan Altima», «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Combo»-ից գազի արտահոսք է սկսվել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։