Մամուլ

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Lexus»-ը, «Nissan Tiida»-ներն ու «Hyundai Veloster»-ը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Արցախի պողոտայում  Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 24-ամյա Մինաս Կամիկյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վնասվել են նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 48-ամյա Հրանտ Գալստյանին պատկանող «Hyundai Veloster» մակնիշի, Երևանի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղազարյանին պատկանող «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Վլադիկ Գալստյանին պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լաերտ Հայրապետյանն ու Հովհաննես Սիմոնյանը։

Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը փորձում էր մեկ այլ քաղաքացու ներկայացնել, որ ինքն է եղել վարորդը, սակայն պարեկները կարողացան կարճ ժամանակում պարզել, որ նրա հայտնածը սուտ է։

Պարզապես նրա վարորդական իրավունքը բացակայում էր, ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և փորձում էր իր ծանոթին ներկայացնել, որպես «BMW»-ի վարորդ։

Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կիսվել