Շիրակի մարզում մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող Mercedes Sprinter-ին. կան ծանր վիրավորներ
Շիրակի մարզում մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող Mercedes Sprinter-ին. կան ծանր վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 3-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 12:30-ի սահմաններում Երևան – Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes Sprinter և անհայտ մակնիշի մոտոցիկլետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ 3 հոգի տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Վիրավորներից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, միտոցիկլավարի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes Sprinter -ը հաշվառված է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ընկերության հաշվեկշռում: