Մամուլ

Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևանի համապատասխան կենտրոն

Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան՝ համապատասխան կենտրոն, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Նա հայտնել է, որ լուսանի տեղափոխման  գործընթացը գտնվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։

Գործընթացում ներգրավված են եղել համապատասխան կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։ «Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։Լուսանը (Lynx lynx) Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ կենդանի է, որը հիմնականում բնակվում է լեռնային և անտառապատ շրջաններում»,- ասված էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։