Շենգավիթի ոստիկանները բռնել են թմրամիջոցներ իրացնող մայր ու որդուն
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը ժամը 01։20-ի սահմաններում 2 հոգի թմրամիջոցներ են ձեռք բերում և իրացնում։
Տեղում համայնքային ոստիկանության ՀԿՀ ավագ տեսուչ Պողոսյանի գլխավորությամբ ոստիկանները մեկնում են նշված վայր, որը Գարեգին Նժդեհ 16 հասցեի հարակից տարածքում է և այնտեղ հայտնաբերում են Երևանի բնակիչներ 49-ամյա մի կնոջ և 21-ամյա մի տղայի և նրանց ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Արդեն տեղում ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում տղան խոստովանում է, որ ինքը «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ թվով 10 փաթեթ, որից հետո իր մայրիկի հետ գնացել է Գ․ Նժդեհի փողոցի 16 շենքի բակ, որտեղ անձամբ 10 փաթեթները տեղադրել է բակում և դրա դիմաց ինքը յուրաքանչյուր փաթեթի համար պետք է ստանար 7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Օրեր առաջ էլ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները դարձյալ հերթական օպերատիվ տեղեկություններով Հ․ Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Աշոտ Կ․-ին։
Արդեն տեղում նրան ենթարկում են անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերվում է ապակյա գլանակ՝ լցված մուգ շագանակագույն զանգվածով, որը ըստ Աշոտ Կ․-ի հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրանյութ։ Հայտնաբերվում է նաև լամպ, որի մեջ առկա է «PVP» տեսակի թմրանյութ։
Վերջինը հայտնում է, որ նշվածներ պատկանում են իրեն և իր անձնական օգտագործման համար է։
Արդեն համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի շնորհիվ Աշոտ Կ․-ն խոստովանել է, որ ինքը տարբեր օրերին Երևանում, այդ թվում նաև Շենգավիթ վարչական շրջանում թալանել է մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում «BMW»-ներ, «Toyota Camry», «Lexus», «Range Rover», «Mazda» մակնիշի ավտոմեքենաների վրայից կողային հայելիներ ու հայելու ապակիներ։
Նշված դեպքով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Աշոտ Կ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։