ԱշխարհՄամուլ

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին

Այս մասին գրում է Արաբական Միացյալ Էմիրությունների պետական գործակալություն WAM-ը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցին։ 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու հնարավորությունները։

Հրապարակման մեջ նշվում է, որ կողմերը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների ձեռնարկած քայլերին՝ ուղղված COVID-19-ի դեմ պայքարին և աշխարհի մյուս երկրների վրա վիրուսի ազդեցության թուլացմանը։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում Աբու Դաբիի թագաժառանգը և նախագահ Սարգսյանը քննարկել են COVID-19-ին դիմակայելուն ուղղված համատեղ համագործակցության հնարավորությունը։ 

Նրանք քննարկել են նաև երկու երկրների միջև տնտեսության ու ներդրումային ոլորտներում համագործակցության հեռանկարը, որը կծառայի երկկողմ հետաքրքրություններին ու առաջընթացին։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը՝ Հայաստանին ու բարեկամ ժողովրդին ցուցաբերելու ամեն տեսակ աջակցություն վիրուսի զսպման և դրա հետևանքների սահմանափակման գործում։

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդին երկկողմ աճող հարաբերություններին իր մշտական աջակցության համար»,- ասվում է ԱՄԷ պետական գործակալության հրապարակման մեջ։

Կիսվել