Մամուլ

Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է և տուգանվել

«Գենդեր փարթիի» համար Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը

Ավելի վաղ հաղորդվել էր բնության ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող Շաքիի ջրվեժում կազմակերպված միջոցառման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։

ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս։

Քաղաքացի Ա.Օ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շաքիի ջրվեժի տարածքում  երեխայի սեռի որոշման արարողություններ են կազմակերպվել։