Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց իրականում դա այդպես չէ. Մարիամ Փաշինյան
Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց իրականում դա այդպես չէ. Մարիամ Փաշինյան
Մարիամ Փաշինյանը 20 տարեկան է: Նրա հետ զրույցից հետո կրկին համոզվում ես, որ հրաշալի է երիտասարդ լինելը, հրաշալի է երազանքներ ունենալն ու դրանց հավատալը: Մարիամը կարողանում է վարակել իր լավատեսությամբ, էներգիայով, երիտասարդությամբ ու վստահությամբ: Նա իսկական նոր ժամանակների աղջիկ է:
Նա համարձակ է, չի վախենում այլ կերպ մտածել ու կարծրատիպեր կոտրել: Բարեբախտաբար, կենդանի, անմիջական զրույց Մարիամն էլ է սիրում և, չարդարացան իմ մտավախությունները, թե ինձանից նախ հարցաշարը կուզեն, ապա՝ պատասխանները կուղարկեն մեյլով: Մարիամը հաճույքով համաձայնեց հանդիպել, զրուցել և ֆոտոշարք իրականացնել: Wnews.am-ի նոր հերոսուհին ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն է:
-Ինչպե՞ս է սկսվում ձեր օրը : Ինչո՞վ է այն սովորաբար հագեցած լինում :
-Շաբաթվա երեք օրը սկսում եմ մարզասրահ այցելելով, ստաբիլ մարզվելը լավ է ոչ միայն մարմնի, այլև` մտքի առողջության համար, երբեմն մարդիկ մտածում են, թե գնում ես մարզասրահ միայն նիհարելու համար, բայց ես, օրինակ, գնում եմ ինձ առողջ, ուժեղ զգալու և միտքս անընդհատ թարմ պահելու համար:
Սովորաբար առավոտներս սկսվում են սուրճով, ես այն մարդկանցից եմ, ում օրը սկսելու, ժպտալու, գործելու համար անպայման սուրճ է հարկավոր: Շատ եմ սիրում վաղ արթնանալ, օրվա իմ ամենասիրելի հատվածը հենց առավոտն է, բայց ստեղծագործական մտքերը, գաղափարները գալիս են գիշերը:
Ավելի լավ եմ գիշերը մտածում, աշխատում: Օրս սիրում եմ հագեցնել լավ գրքերով , լավ մարդկանցով: Լավ մարդիկ ամենակարևոր նախապայմանն են, օրը լավը դարձնելու համար: Բոլորս էլ օրվա ընթացքում կարող ենք ինչ որ խնդիրների բախվել , բայց մեզ շրջապատող մարդիկ օգնում են դրանք հաղթահարել և թեթև նայել իրավիճակին: Ես սիրում եմ շատ ծիծաղել ու անգամ դժվար իրավիճակների դեպքում հաճախ ծիծաղում եմ և առաջ անցնում:
-Վերջին մեկ տարում մեծ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի կյանքում, ինչպե՞ս են այդ փոփոխությունները ազդել ձեր կյանքի, առօրյայի վրա:
-Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես նախկինի նման շարունակում եմ իմ կյանքով ապրել, խնդիրները հեշտությամբ կարգավորել, բայց իրականում դա այդպես չէ: Այս տարին ինձ համար շատ դժվար էր: Մենք քաղաքական պատճառներով դժվարություններ էլի ենք ունեցել, բայց վերջին մեկ տարում մի իրավիճակ ստեղծվեց, որին ես դեռ պատրաստ չէի:
Ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել եմ, այն է, որ ընդունել եմ դժվարությունները ու այն փաստը, որ այսուհետ հայտնվելու եմ տարբեր խոսակցությունների կենտրոնում: Ընդունել եմ և փորձել եմ հարմարավել այդ փաստի հետ, հասկացել եմ, որ չեմ կարող ամեն ինչ վերահսկել: Եթե խոսենք տեխնիկական ու առօրյա դժվարությունների մասին դա նոր միջավայրում բնակվելն է, առօրյա կյանքում տիրում է պետական մթնոլորտը՝ օրենքներ, կաննոներ, կարգ:
Առօրյա փոփոխություններից 7 օր 24 ժամ անվտանգություն ունենալն է, սա մի բան է, որին հարմարավելը ամենահեշտը չէ:
-Այսինքն այդ օրենքները խանգարո՞ւմ են ձեզ:
-Դրանք ավելի շատ չգրված օրենքներ են: Ես անում եմ բաներ, որոնք նախկինում չեն արել և դա զարմանալի է թվում շատերին: Թե ինչ կարելի է հագնել, ինչ չի կարելի, փողոցում ինչպես քայլել, ինչ անել, որ մարդիկ սխալ չհասկանան քեզ: Հատկապես աղջիկների դեպքում շատ են ճնշումները, սահմանափակումները, խոսքը բարոյական նորմերի մասին չէ, այլ երբ ասում են «դու աղջիկ ես, կարծիքդ թուլացրու, ուժեղ էր», «դու աղջիկ ես, ավելի հանդարտ եղիր»:
Այս ամենը ես զգացել եմ նաև նախկինում , իմ հասակակից բոլոր աղջիկների շրջանում: Հասարակության ճնշումը սահմանափակում է աղջիկների միտքը ու թույլ չի տալիս ստեղծագործել, ինքնադրսևորվել, սա է պատճառը, որ մեզ մոտ աղջիկներն ավելի բարձր դիրք են զբաղեցնում գործազրկության և այլ ցուցանիշներում: Այս բոլոր փոփոխությունները, որ տեղի են ունեցել և այն իրավիճակը, որ կա իմ առօրյայում բավական ծավալուն է, և զգոն չլինելու դեպքում, կարող է խանգարել, որ դու գնաս այն ուղով, որով ի սկզբանե ուզում էիր անցնել:
Իմ ամենամեծ մարտահրավերը իմ երազանքների, նպատակների մասին ինքս ինձ հիշեցնելն է, և հասկանալը, որ ոչ մի իրավիճակ ու ոչ մի կարծիք չի կարող ավելի մեծ լինել քան իմ նպատակներն ու իմ երազանքներն են: Ես նաև կոչ եմ անում բոլոր երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին, որ ոչ մի իրավիճակ, ոչ մի կարծիք,ոչ մի խնդիր չի կարող լինել ավելի մեծ, քան ձեր երազանքները ու սա պետք է ամեն օր ինքներդ ձեզ հիշեցնեք:
Օրվա վերջում դու ես պատասխանատու քո բաժին երջանկության ու հաջողության համար, ոչ թե ընկերներդ, ընտանիքդ կամ հասարակությունը: Գիտեմ, որ շատ է մեր հասարակության մեջ այս խնդիրը: Այսօր 25 տարեկան աղջկա մայրը կարող է նրան ասել մութը ընկել է՝ տուն գնա; Դա ինձ անհանգստացնող խնդիր է, որը հուսով եմ ժամանակի ընթացքում կլուծվի: