Շատ դժվարություններ եմ տեսել, 17 տարեկանից հայրս կողքիս չի եղել, ունեցել եմ թիկունքից հարվածողներ. Աղասի Իսպիրյան
Շատ դժվարություններ եմ տեսել, 17 տարեկանից հայրս կողքիս չի եղել, ունեցել եմ թիկունքից հարվածողներ:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Աղասի Իսպիրյանն է: Բեմում նա ամուր է, պինդ ու խրոխտ: Իսկ ինչպիսի՞ն է Աղասին կյանքում, առօրյայում: Նա այն հայտնիներից է, որոնք շատ չեն սիրում երեւալ, հարցազրույցներ տալ: Մեզ, սակայն հաջողվեց համոզել նրան խոսել ինքն իրենից:
Երգիչը մեզ հետ զրույցում անդրադարձել է իր կարիերայի ծաղկուն շրջանին, խոչընդոտներով լի ուղուն, որով ստիպված է եղել անցնել առանց հայրիկի ապրած տարիների: Աղասին նշել է, որ հաջողակ մարդ է, ունի երեք զավակ, ամուր ընտանիք: Երգիչը խոստովանել է, որ մշտապես խուսափել է հանրային մարդ լինելուց եւ հիմա էլ փողոցում միշտ աշխատում է այնպես անել, որ իրեն չնկատեն:
-Ձեզ հաջողակ մարդ համարու՞մ եք, սովորաբար հայտնվում եք ճիշտ ժամանակին ճիշտ տեղո՞ւմ:
-Միայն այն բանի համար, որ հայ եմ, ծնվել եմ Հայաստանում, արդեն իսկ, այո, հաջողակ եմ:
-Ձեզ համար անփոխարինելի մարդիկ կա՞ն:
-Այո, իհարկե:
-Պատռե՞լ անցյալի անցանկալի էջը, թե՞ պարզապես շրջել: Դուք ինչպե՞ս եք վարվում:
-Երկուսն էլ պատահում է:
-Ձեր կարիերայի ամենածաղկուն շրջանը ե՞րբ է եղել: Ե՞րբ զգացիք, որ բախտը ժպտում է Ձեզ:
-2007 թվականից սկսած, երբ առաջին տեսահոլովակս նկարահանեցի Արեւմտյան Հայաստանում, մինչեւ հիմա: Համենայնդեպս, 2007-ից սկսեցին ճանաչել ինձ:
-Շուտ կամ հաճա՞խ եք ցայտնոտի մեջ ընկնում, թե՞ կարողանում եք ինքներդ Ձեզ կառավարել:
-Չէի ասի: Օրինակ՝ երբ կուլիսային կյանքում տեխնիկական խնդիր է լինում, հույսս դնում եմ ձայնիս վրա, ու ամեն բան հաջողությամբ է պսակվում:
-Երբ հայտնվում եք որեւէ երկրում, անպայման այցելում եք…
-Տեղի հայ համայնք: Հայակական եկեղեցիներ, հայկական կենտրոններ եմ գնում, հանդիպում հայ երեխաների հետ:
-Եթե հնարավոր լիներ, ամբողջ օրը ինչո՞վ կզբաղվեիք:
-Էլի երգելով կզբաղվեի:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ եք ունեցել: Եղե՞լ են հիասթափություններ:
-Ես կյանքում շատ դժվարություններ եմ տեսել, 17 տարեկանից հայրս կողքիս չի եղել, եղել են թիկունքից հարվածողներ, բայց ես հաշվի չեմ առել… Ամեն մեկին Աստված իր սրտով թող տա… Շատ փորձություններ եմ տեսել, մութ ու ցուրտ տարիներ, անկախության տարիներ…
-Երբեւէ երազե՞լ եք այն մասին, որ փողոցում Ձեզ ճանաչեն, որ հայտնի լինեք:
-Ոչ, միշտ խուսափել եմ հանրային մարդ լինելուց: Այնպես եմ անում, որ ինձ չնկատեն:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Չեմ լսել նման բան: Այնպիսի ուղի եմ անցել, որ թույլ չեմ տվել իմ մասին խոսեն: 39 տարեկան եմ, կարծում եմ՝ այսքան ժամանակ այնպիսի մի բան չեմ արել, որ բամբասանքի առիթ տամ:
-Ամուր ընտանիք ունենալու գրավականը ո՞րն եք համարում: Բացի սիրուց, ի՞նչ է հարկավոր լավ ընտանիք ունենալու համար:
-Ունեմ կին, երեք երեխա, ավագ զավակս 17 տարեկան է: Կարծում եմ՝ կայուն հարաբերություններ հաստատելու համար բացի սիրուց հարկավոր է ճիշտ դերաբաշխում անել ընտանիքում: Տղամարդն ու կինը միշտ միասին պետք է վճռեն բոլոր կարեւոր հարցերը: Ինչ հաջողության որ ունեցել ենք, միասին ենք հարսել դրան:
-Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը:
-Հովհաննես Շիրազը: Դեռ մանուկ տարիքից շատ եմ սիրում իրեն:
-Բնութագրե՛ք ինքներդ Ձեզ մեկ բառով. ինչպիսի՞ մարդ:
-Հայ մարդ:
-Ձեր սիրելի քաղցրավենիքը:
-Գաթա:
-Ո՞ր հայտնի ընտանիքն է Ձեզ համար միշտ դրական օրինակ եղել, ոգեշնչման աղբյուր:
-Շատ կան լավ ընտանիքներ, բայց միշտ հիացել եմ Մոնթեի ու իր կնոջ` Սեդայի հարաբերություններով: Շատ օրինակելի զույգ էին:
-Եվ վերջին հարցը՝ հարցազրույցից անմիջապես հետո ի՞նչ եք անելու:
-Մասնակցելու եմ կորպորատիվի, երգով հացի փող վաստակեմ…
Աղբյուր՝ armlur.am