Շատերը լսում են «Լուսին» երգը, բայց նույնիսկ չգիտեն, թե ով է հեղինակը․ Լիլի Էլբակյան
Շատերը լսում են «Լուսին» երգը, բայց նույնիսկ չգիտեն, թե ով է հեղինակը․ Լիլի Էլբակյան
«Գծից այն կողմ» ներկայացումը բերմադրելը Աննա և Լիլի Էլբակյանների համար շատ բարդ էր, որովհետև անընդհատ, ամեն ինչ հիշեցնում էր Էդգարին: Ներկայացման մեջ հնչում են Էդգարի երգերը: «Ես էլ, մայրս էլ էմոցիոնալ ենք և 2-ով էինք աշխատում բեմադրության վրա:
Մայրս Էդգարից հետո ընդհանրապես չի անդրադարձել ո՛չ նկարներին, ո՛չ գրքին: Այդ ամենը նորից փորփրել, խորանալ այդ ամեն մեջ, լսել նրա խորհուրդները, ապրել դրանով… շատ-շատ բարդ ընթացք ենք ունեցել և շատ երկար են տևել փորձերը»,- դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը Tert.am Life-ին է վստահել ներկայացման ստղեծման բարդ ճանապարհի մանրամասները:
Ես ուզում էի Էդգարի գործերը կյանքի կոչել, բայց էմոցիոնալ վիճակն անընդհատ խանգարում էր
Ներկայացումը բեմադրվել է անցյալ տարի, նվիրված է Էդգարի 40-ամյակին, ուզում էինք նրա տարեդարձն անպայման տոնել: Նա հանրությանը ծանոթ է միայն «Լուսին» երգով, ավելի ճանաչելի դարձնել երիտասարդությանը: Թատերական ինստիտուտում ու տարբեր վայրերում Էդգարի երգերը լսում են և շատ հաճախ նույնիսկ չգիտեն, թե ով է հեղինակը:
Իսկ նա մեծ ժառանգություն է թողել, չնայած երիտասարդ է մահացել՝ 17 տարեկանում, բայց գրել է 1 պիես և բազմաթիվ պատմվածքներ ու բանաստեղծություններ, 30-ից ավելի երգեր: Գիրքը տպագրվել է փոքր տպաքանակով և այդքան էլ ծանոթ չէր հանդիսատեսին, ես անպայման ուզում էի նրա գործերը կյանքի կոչել, բայց էմոցիոնալ վիճակն անընդհատ խանգարում էր Էդգարի գործերին դիպչել:
Էդգարի համար ընկերությունն ամենակարևորն էր և հենց հանուն ընկերության ինքը մահացավ
Ինձ մոտ միտք առաջացավ 3 պատմվածք հավաքել, ի մի բերել մեկ սյուժեի մեջ, որպեսզի հանդիսատեսի համար միտքը չլինի կտրտված, այլ՝ ամբողջական: Հորինեցի իրավիճակ, պատմվածքի հերոսներից կերպարներ ստացա: Ներկայացումը մի ռեժիսոր տղայի մասին է, ով պիտի ավարտի թատերական ինստիտուտը և իրեն հանձնարարել են նյութ գտնել պիեսի համար և նա պատահաբար բախվում է Էդգարի գրքի հետ:
Երիտասարդ հիվանդապահուհին, ով չոր ու կոպիտ աղջիկ է, հերոսի հիվանդ մոր համար անընդհատ ընթերցում է Էդգարի գործերը: Տղան, լսելով այս գործերը, որոշում է ֆիլմ նկարել: Ներկայացման ընթացքում 2 ընկերներ ֆիլմ են նկարում այս գործերի հիման վրա: Ներկայացումը մի քանի իմաստ ունի. նախ ընկերության մասին է, Էդգարի համար էլ ընկերությունն ամենակարևորն էր և հենց հանուն ընկերության ինքը մահացավ:
2-ը սիրում են մի աղջկա և 3-րդն ավելորդ է ու պիտի գնա գծից այն կողմ
Ներկայացումը սկսվում է հետևյալ տողերով. «Եթե մեկին այս ճահճից ես փրկել կարողանամ, ուրեմն ես կհաղթեմ և հանգիստ կհեռանամ…»:
Սա ներկայացման հիմնական գաղափարն է: Այստեղ նաև սիրային գիծ կա, մեր հերոսը հետո սիրահարվում է այդ չոր ու կոպիտ աղջկան, ով կարծես գալիս է այդ տուն մորը խնամելու, բայց իրենց մեջ սեր է ծնվում: Հենց այդ աղջիկն էլ խաղում է այդ ֆիլմում հերոսուհի, որի ընթացքում էլ սիրո կրակ է վառվում:
Ներկայացումը կոչվում է «Գծից այն կողմ», որը մի պատմվածքի վերնագիրն է, և ֆիլմի վերջին հատվածը: 3 հոգու մասին է, 3-ը՝ մի նավակում: 2-ը սիրում են մի աղջկա և 3-րդն ավելորդ է: Եվ 3-րդը պիտի գնա գծից այն կողմ, որտեղ չկա սահման ու գիծ, մեղավոր ու անմեղ: Այսպիսի տեքստեր կան պիեսում, որոնք շատ պոետիկ են, բայց շատ հուզիչ ու դիպչում են սրտին:
Կարծես գրքից պոկված կերպարներ լինեն
Դերասանական կազմը ամբողջությամբ փոխվեց, որովհետև մեզ պետք էին մարդիկ, ովքեր իսկապես Էդգարի գաղափարներն իրենց մեջ կրում են: Ներկայացման մեջ աղջկա՝ Արևայի կերպարը, որը հերոսուհու ընկերուհին է, ռոք երգչուհի է և երգում է Հյուսիսային պողոտայում, մարմնավորում է Էվա Ոսկանյանը՝ Էդգարի մորաքրոջ աղջիկը: Նա ներկայացման մեջ երգում է Էդգարի երգերը: Հերոսը, լսելով այդ երգը, վերցնում է այն ու դարձնում սաունդթրեկ: 5-6 երգ օգտագործված է, այդ թվում՝ «Լուսին»-ը:
Դերասանական կազմում հիմնականաում Խամաճիկների թատրոնի դերասաններն են՝ Էմմի Սարդարյանը, Հակոբ Հակոբյանը, Մեսրոպ Աբտոյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, ում հետ միշտ համագործակցում ենք, Էվա Ոսկանյանը: Կան էպիզոդիկ դերեր, որոնցից ամեն մեկը մի գույն է բերում ներկայացմանը, և, եթե նրանցից մեկին հանենք, ներկայացումը չի կայանա, որովհետև շատ գունավոր և կարծես գրքից պոկված կերպարներ լինեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում