Շառլ Ազնավուր «Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը: Ես այլևս ոչինչ չունեմ… մնում է հեռանալ…»
Շառլ Ազնավուր «Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը: Ես այլևս ոչինչ չունեմ… մնում է հեռանալ…»
Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս:
Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ պատմելը, որ ես հայ եմ, որ հինգ տարեկանում վարակվել եմ կարմրուկով, որ իմ նախապապը երազել է հրշեջ դարձնել Ազնավուրյան տոհմի բոլոր արուներին:
Աֆիշի վրա անգլերեն գրված է. «Եթե կարծում եք, թե նրա երգերը շատ անհասկանալի են, դանդաղ լսեք. Շառլ Ազնավուր:
Եթե կարծում եք, թե հասկանում եք նրան, նորից լսեք»: Ո՛չ, ինձ թվում է, շատ ավելի կարևոր է մարդկանց պատմել քո ներկա կյանքը, ինչպիսին որ դու կաս, ինչպես նրանք տեսնում են քեզ: Ինչ-որ արդեն անցել է, ոչ-ոքի չի հետաքրքրում և ոչինչ չի բացահայտում: Երբ ես երեխա էի, մի հրաշալի ընկեր ունեի: Նա օրինակելի ու խիստ կրթված տղա էր: Այսօր այդ նույն տղան 15 տարվա բանտարկության է դատապարտված:
Ի՞նչը կարող է ավելի լավ բացատրել մեր մանկությունը: Ոմանք գտնում են, որ ես հուսահատված մարդ եմ: Դա սխալ է: Ես չափազանց շատ եմ սիրում կյանքն ու մարդկանց, որպեսզի ինչ-որ բանից հուսահատվեմ: Ես անհանգիստ եմ իմ էությամբ՝ սա արդեն ուրիշ բան է: Իմ անհանգստությունը հետևանք է այն բանի, որ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս հասա այնտեղ, որտեղ գտնվում եմ այժմ:
Երբ մայրս հիվանդ էր լինում, ինձ չէին հայտնում, որպեսզի չընդհատեմ իմ աշխատանքը: Նրանք գիտեին, որ ես հազարավոր մղոններ կկտրեմ, թեկուզ մի գիշեր նրա կողքին լինելու համար: Միայն երկար ժամանակ անց հայրս ասում էր. «Գիտե՞ս, մայրդ հիվանդ էր, ծանր հիվանդ»:
Հոր պատկերացումով երգիչը նույնն է, ինչ ծովայինը ծովում: Ինչ էլ լինի, չպետք է նրա ետևից ուղղաթիռ ուղարկել: Պետք է սպասել, մինչև նավը խարիսխ գցի նավահանգստում: Իմ ծնողները սպասում են իմ նավահանգիստ վերադառնալուն, որպեսզի ինձ պատմեն իրենց հոգսերը: Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Ու միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ողջ օրվա անցուդարձը:
Իմ աշխատանքում հաճախ պատահում են ծափեր ու հիացմունք: Ես դրանց կարևորություն չեմ տալիս: Այդ բոլորը ինձ դուր է գալիս, բայց չի հետաքրքրում: Սակայն կան պահեր, երբ ես անկեղծորեն ուզում եմ, որ ինձ շնորհավորեն: Ոչ թե հիացական բացականչություններով. «Դու շատ լավն էիր, մենք հաճելի երեկո անցկացրինք, և այլն…», այլ մի լուռ հայացքով, մի շարժումով, մի հևոցով:
Դրա կարիքը ես շատ սուր զգացի, մանավանդ առաջին երեկոյին… Այդ երեկո ես շատ աշխատեցի, երկար պատրաստվեցի համերգին, ճշտեցի անգամ բեմառջևի լույսերը և ապրեցի կատարյալ ինքնամոռացման երկու ժամ: Հետո, ծափահարեցին, շնորհավորեցին: Մարդիկ հրմշտում էին իրար բեմ բարձրանալու, ինձ դիպչելու, գովելու, համբուրելու համար… բայց այս բոլորը շատ նման էր հողմապտույտի: Մինչև ուշքի եկա, ամեն բան անցել էր:
Եվ երբ դահլիճը դատարկվեց, երկու հազար ունկնդիրներն էլ գնացին, ի՞նչ մնաց… Մայթին, դերասանական մուտքի մոտ, 150 հոգի դեռ սպասում էին ինձ՝ իրենց համակրանքը արտահայտելու համար: Ձեռքերս գրպանումս, ես շնորհակալություն էի հայտնում, ժպտում: Բայց 200 մետր անց, ի՞նչ իմաստ ուներ ժպտալը, երբ ես արդեն մենակ էի…
Ահա այդ պահին, ես կուզենայի հանդիպել այն կնոջը, որը, ինչպես ասացի, իմ նկատմամբ ունենար լուռ համակրանք… Ես կկարողանայի նրան ասել բաներ, որ երբեք չեմ ասել: «Ինձ թվում է՝ ես լավ սկսեցի, ինձ թվում է ամեն ինչ հաջող էր»: Բայց երբ ես վերադառնում եմ տուն, ոչ-ոքի չեմ ասում այս բոլորը:
Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը: Ես այլևս ոչինչ չունեմ… մնում է հեռանալ… Դրա համար ես փնտրում եմ այն կնոջը, որ կկարողանա ինձ ներշնչել երկար տարիներ: Չգիտեմ, ինձ կհաջողվի՞ արդյոք դա: Ես չեմ ուզում մտածել, որ սերը պատրանք է:
Եթե այդ այդպես լիներ, անիմաստ կլիներ կյանքում բարի ու մաքուր լինելը: Աշխարհում կիշխեր անճաշակությունը, ստորությունը, սպանությունը, թալանը: Սերը կրոնի պես է: Հենց այն գաղափարը, որ նա կա, ինձ օգնում է հուսալ: Հասարակությանը հաճախ թվում է, որ ես ապրում եմ այն բոլոր զգացումները, ինչ արտահայտում եմ իմ երգերում:
Եթե ես ապրած լինեի այդ բոլորը, ապա հիմա իմ մազերը սպիտակած կլինեին, իսկ ես ծեր, շատ ծեր կլինեի: Ես միայն փորձում եմ մարմնավորել իմ հերոսներին: Ես արտահայտում եմ ոչ թե իմ, այլ նրանց հուզող հարցերը: Ես ապրում, սիրում, տխրում եմ նրանց հետ, դառնում նրանց էությունը:
Շառլ Ազնավուր Գարուն, 1967թ., թիվ 3 Հայկական Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան