Շանը վրաերթի ենթարկելու հարցից է սկսել ծեծկռտուքը, որին հաջորդել է մոր ու 2-ամյա որդու վրաերթը. նոր մանրամասներ
Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար:
Այդ ընթացքում մասնակիցներից մեկը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն: Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին՝ հոսպիտալացվել:
Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ BMW վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: