Աշխարհ

Նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, նրանց ասածները մեզ համար ոչինչ չի նշանակում․ Ալիև

Բաքվում կայացած XII Գլոբալ ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ներկայումս քննարկվող խաղաղության պայմանագրի նախագիծը պատրաստվել է Բաքվի կողմից և հիմնականում համաձայնեցված է։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, ապա մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները և ադրբեջանական ժողովրդի տառապանքները, որոնք պատճառվել են հայկական օկուպացիայի և ագրեսիայի հետևանքով։ Իսկ ազատագրված տարածքներ այցելողները կարող են տեսնել բարբարոսության աստիճանը։ Այսպիսով, մեր բոլոր քաղաքները ավերակների մեջ են։ Այժմ մենք դրանք վերականգնում ենք։

Նրանք հողին հավասարեցրին ամեն ինչ, մեր գյուղերը, քաղաքները, մեր կրոնական և պատմական ժառանգությունը: Այս կերպ ավերվել է 65 մզկիթ։ Իսկ նրանցից կիսով չափ ավերվածները խոզերի ու կովերի գոմեր էին։ վիրավորել ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ աշխարհի բոլոր մահմեդականների զգացմունքները։ Սա չենք մոռանա։

Մենք չենք մոռանա Խոջալուի ցեղասպանությունը, որի ժամանակ հայերը սպանեցին 613 անմեղ մարդկանց, այդ թվում՝ ավելի քան 100 կին և 60 երեխա։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է նայենք դեպի ապագա։ Հարավային Կովկասում մեզ խաղաղություն է պետք, և հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը դարձավ խաղաղության գործընթացի նախաձեռնողը։

Փաստորեն, Ադրբեջանն է նույնիսկ այն խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակը, որը ներկայումս քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև և մեծապես համաձայնեցված է։ Այսինքն՝ համաձայնագրի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։

Մեր պայքարը՝ պայքար էր հանուն արդարության, հանուն միջազգային իրավունքի, հանուն մեր արժանապատվության։ Մենք իրականացրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնք մնացել են թղթի վրա 27 տարի և կմնային թղթի վրա ևս 27 տարի, եթե մենք ուժով չազատագրեինք մեր հողը։ Այստեղ, ի դեպ, շատ կարևոր է նշել, որ երբեմն պետք է ուժ կիրառել խաղաղության հասնելու և արդարությունը վերականգնելու համար։

Եվ այսօր մենք դա տեսնում ենք։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը փորձում փոխել իր քաղաքականությունը հզոր ռազմական ներուժի ձևավորման ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ այլ երկրներ իրենց ջանքերը կենտրոնացնում են ռազմական կարողությունների և ենթակառուցվածքների զարգացման վրա: Մենք դա անում ենք առնվազն 20 տարի՝ սկսած 2005 թվականից, և ստեղծել ենք հզոր բանակ, որն ազատագրել է մեր տարածքը և վերջ է դրել անջատողականությանը և անջատողականներին։

Ուստի այսօր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումը ոչ միայն ադրբեջանական ժողովրդի ամուր կամքի դրսևորումն է, այլ նաև միջազգային արդարության դրսևորում։ Միևնույն ժամանակ, իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք լավ հիշողություն ունենք։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր իրեն պահում Հայաստանի ներկայիս իշխանությունը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից առաջ։

Մենք բոլորս հիշում ենք Հայաստանի ղեկավարի հայտարարությունները, ով ասում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», և դա ասվել է Խանքենդիում(Ստեփանակերտ)։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր նա իրեն պահում օկուպացված Շուշա(Շուշի) քաղաքում։ Դուք կարող եք գտնել այն համացանցում: Շատ հետաքրքիր տեսանյութ է։

Եվ մի բան էլ կարող եմ ասել՝ վստահության մակարդակը Հայաստանում մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասածներին չենք հավատում։ Որովհետև նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Կրկին, նրանց ասածները մեզ համար ոչինչ չի նշանակում: Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է երաշխավորենք, որ նրանց սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ։»,-Ալիևի խոսքերն է մեջբերում Bavnews-ը։