ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

«Նրա՞նք են որոշելու ոչ թե՝ գլխարկի վրա «դուխով» գրած, այլ՝ ոգով երկիր պահած տղերքի ճակատագիրը. էդ ո՞վ են դրանք». Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)

«Նրա՞նք են որոշելու ոչ թե՝ գլխարկի վրա «դուխով» գրած, այլ՝ ոգով երկիր պահած տղերքի ճակատագիրը. էդ ո՞վ են դրանք». Շուշան Պետրոսյան

168.am-ը գրում է․ Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը նեղացած չէ, շարունակում է համերգներ ունենալ, սակայն դրանք չեն նկարահանվում, որովհետև կայանում են երկիրը պահող մարդկանց՝ զինվորների համար, իսկ այն, ինչ այսօր հարգի է, իր արվեստի հետ որևէ աղերս չունի։ 

168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց երգչուհին՝ նշելով, որ չի էլ փորձել հասկանալ, թե ի վերջո 2018 թվականին հասարակության մի հատվածը մերժեց երգչուհի՞ Շուշան Պետրոսյանին, թե՞ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին։

«Չեմ էլ պարզել այդ հարցը, որովհետև այն շերտը, որն ինձ մերժում ու քարկոծում է, արհեստածին և կառավարվող շերտ է։ Ես նախընտրում եմ բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել խոհեմ մարդկանց հետ։

Մնացածն ինձ չեն հետաքրքրում, իհարկե, գուցե խոսքս մեծամտություն համարվի, բայց դա այդպես է։ Եվ հետո՝ ինձ կասե՞ք, թե իմ հասցեին հնչած բացասական կարծիքներից ո՞ր մեկի հետ հաշվի նստեմ՝ նրա՞, որ մայրս ու հայրս են դասավորել իմ ճանապարհը, որ ես լավ երգիչ չեմ, երգել չգիտե՞մ, որ ես գե՞ր եմ, թե՞ որ ես հանրապետական եմ»,- ասաց երգչուհին։

Երգչուհին ընդունում է, որ քաղաքականությամբ զբաղվելու հետևանքով շատ բան կորցրել է, բայց միևնույն ժամանակ՝ պնդում է, որ նույն քաղաքականությունը նաև շատ բան տվել է։

«Քաղաքականությամբ զբաղվելով՝ ծանոթացա մեր ներքին և արտաքին խնդիրներին։ Ինձ համար գերագույն արժեք եղել է իմ հայրենիքը։ Միշտ մտածել եմ, որ խաղաղ լինենք, պատերազմ չլինի և չլինի նաև ամենասարսափելին՝ քաղաքացիական պատերազմը։

Շատ հարցեր էլ կային, որոնց մասին լռել եմ, որովհետև կույր էր պետք լինել, որ չնկատես՝ երկրիդ սահմանների 17 տոկոսն է բաց։ Քաղաքականությունն ինձանից վերցրեց ավելի շատ վաստակելու հնարավորություն, որովհետև ես տարվա մեծ մասը հյուրախաղերի մեջ էի և վաստակում էի մեծ գումարներ, իսկ պատգամավոր դառնալով՝ ապրում էի միայն աշխատավարձով, իսկ համերգներն էլ եղել են բարեգործական»,- ասաց Պետրոսյանը։

Բանակի հետ սերտ կապեր ունեցող երգչուհին բանակի խնդիրների մասին նախընտրեց չբարձրաձայնել։

«Բանակը շատ նուրբ անոթ է, ու պետք չէ խնդիրները բարձրաձայնել։ Բանակի համար ով ուզում է լինի, եթե ինչ-որ գործ անում է՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, իմ գլխի վրա տեղ ունի, բայց ես չեմ կարող ընդունել, երբ խաղում են բանակի ու սպայի հեղինակության հետ, խաղում են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն բանակի, առաջնագծի հետ, ու ես այդ խաղացողներին համարում եմ ուղղակի թշնամի։

Երբ ինչ-որ դեղնակտուց պատգամավոր, որը որևէ բան այս երկրի համար չի արել, հիմա ֆեյք էջեր է ղեկավարում, իսկ նրա նման դեղնակտուցները բանակի մասին կարող են հայտարարություններ անել, չեմ ընդունում»,- ասաց Պետրոսյանը՝ օբյեկտիվորեն ընդգծելով, որ որպեսզի խուսափենք բանակում խնդիրների ի հայտ գալուց, նախ պետք է տղաներին սկսել դաստիարակել ընտանիքում։

«Բանակը երկիր է՝ երկրի մեջ։ Երբ, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ մի քանի տղուկներ բողոքել էին ուտելիք չունենալուց, ես ապշահար էի, դա տղամարդուն վայել բա՞ն է։

Գիտեք՝ բողոքել էին այն ժամանակ, երբ ընդամենը երկու ժամով էր ուտելիքն ուշացել։ Բանակից թող չբողոքեն մարդիկ, որոնք գաղափար չունեն բանակային կյանքից, չէ՞ որ դա անում են դիվիդենտներ հավաքելու համար»,- ասաց Պետրոսյանը։

ՀՀ վաստակավոր արտիստը բանակը բարոյալքելու քայլ է համարում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումը և հարցնում՝

«Նրա՞նք պետք նստեն ու քննարկեն ոչ թե՝ գլխարկի վրա դուխով գրած, այլ՝ երկիրը ոգով պահող տղերքի ճակատագի՞րը. ո՞վ են դրանք։ Սա շատ պայթյունավտանգ է, որովհետև այդ տղերքը, որոնք իրենց հողը շատ են սիրում, կարող են մի օր թքել այս ամենի վրա, իսկ այդժամ սրա՞նք են երկիրը պահելու, ինչո՞վ պետք է պահեն»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ տարբեր քրեական գործերով ամբաստանվելու հանգամանքին, ապա Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորն ամոթ է զգում երկու նախագահների շուրջ կատարվողի համար։

«Ես ամաչում եմ, ամաչում եմ այդ մարդկանց առաջ, ամաչում եմ քննարկել նաև թեմաներ, որոնք հարիր չեն նրանց արածի, այս երկրին մատուցած ծառայությունների հետ։ Կրկնում եմ՝ ամաչում եմ»,- ասաց Պետրոսյանը։

Երգչուհին, սակայն, 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները կապեց Արցախի հետ՝ դրանով պայմանավորելով դատարանի բակում հենց Արցախի վերաբերյալ 3-րդ նախագահի արած հստակ շեշտադրումը։

«Սերժ Սարգսյանը խոսեց Արցախի մասին, որովհետև այս ամենն Արցախի շուրջ է կատարվում, այն, ինչ եղավ, դրա թեման Արցախն է՝ մեր գոյություն ունենալու հիմնաքարը»,- ասաց նա։

Շուշան Պետրոսյանը Լեոնիդ Ազգալդյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը մեջբերած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ դիմեց կոչով՝ «Պետք չէ նմանակել Մոնթեին, կամ Ազգալդյանին ցիտել»:

Երգչուհին վարչապետին նաև հարց ուղղեց՝ «Իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար»։

Առավել մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել