Նույնիսկ տեսնել չեմ ուզում նրան․ Վարազդատ Հարոյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը բացատրել է իր հեռանալու պատճառները։ Championat.com-ին տված հարցազրույցում նա նշել է, որ հավաքականից հեռանալու հիմնական պատճառը նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ ունեցած բարդ հարաբերություններն են։
Հարոյանի խոսքով՝ Չինաստանում խաղալուց հետո նա ցանկացել է վերադառնալ Հայաստան, կարիերան ավարտելուց առաջ մի քանի տարի խաղալ հայրենիքում։ Սակայն «Փյունիկում» համագործակցությունը Մելիքյանի հետ խնդիրների է հանգեցրել, ինչի հետևանքով էլ նա որոշել է շարունակել կարիերան արտերկրում՝ Հունգարիայում։ «Շատերն ինձ ասում էին, որ նրա հետ չենք կարող աշխատել, և այդպես էլ եղավ։ Ես այլևս չեմ ցանկանում համագործակցել նրա հետ, նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան»,– ընդգծել է նա։
Ֆուտբոլիստը նշել է, որ իր կարիերայի ընթացքում շատ մարզիչների հետ է աշխատել և երբեք խնդիրներ չի ունեցել, բացառությամբ երկու հայ մասնագետների՝ Եղիշե Մելիքյանի և Գրիգորի Բաբայանի։
Հարոյանը նաև հավելել է, որ Մելիքյանի նշանակումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իրեն համար անսպասելի էր։ «Ես արդեն 33 տարեկան եմ, և այդ տարիքում չեմ ցանկանում նոր փորձությունների միջով անցնել։ Ազգային հավաքականը մեծ դեր է ունեցել իմ կարիերայում։ 15 տարի առաջ ես առաջին անգամ հանդես եկա Հայաստանի կազմում և գրեթե երբեք չեմ բաց թողել մարզական հավաքները։ Հայաստանն իմ երկիրն է, և ես շատ հայրենասեր եմ, բայց այս մարզչի հետ չեմ ցանկանում աշխատել, քանի որ վստահ եմ՝ դա չի ստացվի»,– նշել է նախկին ավագը։