Մամուլ

Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը փորձել է մտնել ավտոբուսը, որպեսզի այն կանգնեցնի ու ստացել է մարմնական վնասվածքներ

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են վնասված գազախողովակների վերականգնման աշխատանքներ իրականացնել:  

Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, այժմ պարզվում է՝ ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակներին բախվելու հետևանքով: 

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։