Մամուլ

Նուբարաշենի աղբավայրում հրշեջները կանխել են կրակի տարածումը և ամբողջությամբ մարել

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատր Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ 24-ժամյա ռեժիմով կրակի, ծխի ու թունավոր գազերի պայմաններում, վտանգելով իրենց կյանքը, կարողացան կանխել Նուբարաշենի աղբավայրում 2 օր շարունակ բռնկված կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին ոչ միայն Երևանի, այլ նաև Արարատի ու Արմավիրի մարզերից, գրել է «Շամշյանը»։

Ամբողջ քաղաքը, կարելի է ասել, պատված էր թունավոր ծխով: 

3 օր շարունակ մոտ 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ պայքարում էին կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվեց:

Այդ 3 օրերի ընթացքում միայն աշխատում էին հրշեջ-փրկարարներն ու պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները:

Անգամ Նուբարաշենի թաղապետի քթի տակ բռնկված կրակը չէր անհանգստացրել մեծն թաղապետին, որպեսզի գոնե ջրատար ավտոմեքենաներով օգնեին հրշեջներին և միայն խնդրի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խիստ կարգադրությամբ Երևանի վարչական շրջանների բոլոր ղեկավարները շաբաթ-կիրակին իրենց հանգիստը հավանաբար որոշել էին, որ պետք է անցկացնեն Երևանից դուրս կամ ծովափնյա որևէ վայրում, «գրոհել էին» աղբավայրը: 

Փրկարարների հետ առաջին օրվանից միայն աշխատել էր Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը:

Երեկ առավոտից և մինչև այժմ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկի աշխատակիցները՝ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կ. Արեյանի և հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի գլխավորությամբ այդ հատվածները հողի շերտով ամբողջությամբ փակել են, ինչի շնորհիվ, կարելի է ասել, հարցը մասամբ լուծվել է, սակայն ամբողջական պետք է խնդիրը լուծվի Կառավարության մակարդակով և ինչպես նշում էին հազարավոր երևանցիներ, ճիշտը աղբի վերամշակման գործարան կառուցելն է:

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» աշխատակիցները, կարելի է ասել, մոտ 3000-ից ավելի բեռնատար հող են տեղափոխել աղբավայր, այսօր էլ աշխատանքները դեռ շարունակվում են: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոսոտսի 9-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ մի քանի ժամ Նուբարաշենի աղբավայրում իրենց աշխատանքային առօրյան են անցկացրել Երևանի վարչական շրջանների բոլոր ղեկավարները: 

Մինչ նրանց՝ աղբավայր ժամանումը, Տ. Ավինյանի կարգադրությամբ աղբավայր էր ժամանել նաև քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Տեղում վարչական շրջանների ղեկավարները հետևել էին, թե ինչպես են հրշեջ-փրկարարները աշխատանքներ իրականացնում աղբավայրում 2 օր շարունակ վառվող կրակի մարման հետևանքով թաքնված օջախների հայտնաբերման ուղղությամբ: 

Եթե 2 օր հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է, ապա երեկ արդեն քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ջրատար ավտոմեքենաները իրար հերթ չտալով ջուր էին մատակարարում աղբավայր, ինչը հեշտացնում էր հրշեջ-փրկարարների աշխատանքը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոչ մի վարչական շրջանի ղեկավար չի կարողացել «պլստալ», քանի որ Տ. Ավինյանը ոչ միայն խիստ կարգադրություն, այլև հանձնարարական էր տվել, որ ամեն վարչական շրջանի ղեկավար պետք է Երևանի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենաներով հասներ աղբավայր ու սեփական մաշկի վրա զգայի, թե ինչ տաժանակիր աշխատանքներ են կատարում հրշեջները: